Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի կառուցման ծրագրերի մասին, որը կկապի երեք պետություններն ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկա՝ գրում է The Algemeiner-ը: Նրանք հանդիպել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Նեթանյահուն հայտարարել է, որ այդ հանդիպումը համարում է պատմական. «Վերջին անգամ հույները, կիպրոսցիներն ու հրեաները ընդհանուր սեղանի շուրջ նստել ու զրուցել են 2000 տարի առաջ»: Նա չի բացառել երեք երկրների միավորումը ընդհանուր էլեկտրացանցով: Ցիպրասը Իսրայելի և Կիպրոսի հետ համագործակցությունն անվանել է Հունաստանի համար ռազմավարական ընտրություն: Պարբերականը չի նշում այն աղբյուրը, որից ծրագրվում է գազի մատակարարում իրականացնել: Վերլուծաբանները ենթադրում են, որ խոսքը Իսրայելի տարածքային ջրերում վերջերս հայտնաբերված երեք խոշոր գազային հանքավայրերից մեկի մասին է: